Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Եկել և ինձ վրա նալոգ էր ուզում դնի, որ իմ մասին իր թերթում ոչ մի վատ բան չգրի»

«Եկել և ինձ վրա նալոգ էր ուզում դնի, որ իմ մասին իր թերթում ոչ մի վատ բան չգրի»
03.02.2014 | 23:54

Մարդկային հոգու չարության և դրա դրսևորումների մասին բազմաթիվ օրինակներ կարելի է բերել տարբեր ազգերի մեծ մտածողների ստեղծագործություններից կամ էլ ժողովրդական ասույթներից: Սակայն հոգեկան այդ վիճակի դրսևորման և այն իրականություն դարձնելու անհնարինությունը լավ է պատկերված Ստեփան Զորյանի մի նովելում: Ներոնը նկատում է, որ իր սենատորներից մեկը բացահայտ չի փառաբանում իրեն, եթե նույնիսկ ծափ է տալիս ներկայացման ավարտին, ապա աննկատ արհամարհական թույլ ժպիտը շուրթերին: Նրա ծափի մեջ ավելի շատ արհամարհանք կա, քան սեր դեպ կայսրը: Ներոնը լցված է արյամբ, ուզում է տեսնել հպարտ սենատորին իրեն քծնելիս, գովաբանելիս և այն էլ սենատում, բոլորի աչքի առաջ: Մոր մահվան քառասուներորդ օրը սենատի նիստ է հրավիրում: Իր ծառայող Տիգելինին հրամայում է կանչել բոլորին և հատկապես այդ հպարտ, «մեծամիտ» սենատորին: Հանդիպման ժամանակ բոլորը մեկ-մեկ մոտենում են գահին նստած կայսրին, կռանում, ցավակցում և շողոքորթ խոսքերով փառաբանում ու ողջություն ցանկանում կայսրին: Քծնանքի այդ մրցույթը բնավ չի հետաքրքրում Ներոնին և նա անհամբերությամբ սպասում է այն պահին, երբ իրեն կմոտենա Կլավդիոսը և բոլորի առաջ, իր հոգուն դեմ գնալով, ստորացած, կփառաբանի իրեն: Երբ Ներոնին մոտենալու հերթը հասավ Կլավդիուսին, բոլորը մեկեն շունչները պահած, համակ ուշադրություն դարձած սպասում էին, թե ինչպես կդրսևորի այդ պահին միշտ հպարտ, միշտ իր դեմքը չկորցրած սենատորը։
-Ցավակցում եմ կայսրին մոր մահվան կապակցությամբ:- Ներոնը համակ ուշադրություն դարձած, անգամ աչքերը չթարթելով նայում էր սենատորին, թե դրանից հետո ինչ է ասելու նա:- Ներոնը ազատությունը պաշտող մարդ է և հանուն իր հոգու լիակատար ազատության սպանել տվեց անգամ իր վրա իրավունք բանեցնող հարազատ մորը: Բայց Ներոնը մոռանում է, որ ազատություն կա անգամ ստրուկի հոգում, անգամ այս դանակի ծայրին,- և հանելով ծոցից սուր դանակը` մխրճում է իր սիրտը: Դահլիճը մի պահ քարանում է: Շատերը վրա են հասնում, փորձում են բռնել սենատորին: Բայց ամեն ինչ արդեն վերջացած էր: Կլավդիոսը արյան մեջ արդեն ավանդել էր հոգին: Ներոնը կատաղած աչքերով մոտենում է Տիգելինին և մռնչալով ասում.
-Տիգելին, արթնացրու նրան, ես պետք է ստանամ նրան սպանելու հաճույքը:
Հիրավի, մարդկային հոգու չարության ինչպիսի՜ դրսևորում:
Ինչո՞ւ գրեցի այս նախաբանը, որովհետև մեր օրերում այդ չարությունը չափից դուրս շատ է: Եվ այդ չարությունը տարածելու, ժողովրդի մեջ արմատավորելու, ժողովրդին չարության բացիլով թունավորելու սրբազան կուրս են վերցրել որոշ լրատվամիջոցներ: Այստեղ կարելի է միայն փառք տալ Աստծուն, որ ԶԼՄ-ների տպաքանակը շատ չէ:
Վերջին ժամանակներում շատ պաշտոնաթողություններ եղան: Կյանք է, պաշտոնը հավերժական չէ, և ինչպես ասում են ոչ կոռեկտ ձևով` վարունգ է: Բայց արի ու տես, մարդը, որը վատ չի ծառայել պետությանը, հայրենիքին, և անձամբ եմ տեսել նրա ներդրումը 1991-1992-ին Կապանի պաշտպանությունում, անցել է թոշակի, բայց որոշ թերթեր շարունակում են քարկոծել ու քարկոծել: Անգամ այս երկրին բարեկամական ձեռք մեկնած Շորժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամեդ ալ Կասիմին միջոց են դարձնում երկրի ղեկավարությանը նախատելու համար: Մարդը, անկախ կրոնից, իր ազգային պատկանելությունից, տեսել է Աստծո հիանալի տաճարը` Հաղարծինը, և այն վերանորոգելու համար 5 միլիոն ԱՄՆ դոլար է տվել: Ինչո՞ւ պիտի տար հենց այնպես, ասել են շատերը: Եվ այդպիսի հարցադրում կանի միայն հայը: Ես էլ եմ ասում` ինչու, և բացատրում իսկական հայավարի: Ինչու Դեր Զորից արաբները հավաքեցին և տուն տվին թուրքի յաթաղանից մազապուրծ եղած հային, որովհետև, ինչպես ինձ համոզում էր Հալեպում այդ մազապուրծ ընտանիքից իր տեղը Սիրիայում գտած մի արժանավոր հայ, իսկական արաբը աստվածավախ մարդ է և շատ բարի: Եվ այդ աստվածավախությամբ եմ բացատրում Շեյխի վարքագիծը, աստվածավախություն, որը կարող է բերել տարբեր կրոնների մերձեցմանը և հաշտ ու խաղաղ ապրելուն: Եվ վերջապես մարդը ծառայում է Աստծուն, վերականգնելով նրա հոյակապ տաճարը. չմոռանանք, որ Քրիստոսին Ղուրանն ընդունում է որպես մարգարե: Եվ մի՞թե այդ բարության իրականացումը պիտի մրոտվի:
Աղվան Հովսեփյանի պարագայում այդ իրողությունը յուրովի ձևով է դրսևորվում: Մարդ, որը 25 տարի աշխատել է դատախազությունում, որտեղ անցկացրել է օրվա մեծ մասը, իր կյանքի լավագույն տարիները, դատախազության շենքը թողնելուց առաջ պաչել է մուտքի դուռը, և կարող եմ ասել, որ, ի տարբերություն շատ շատերի, թոշակի անցնելուց հետո լկտիաբար չի հայհոյել ո՛չ շենքը, ո՛չ կառույցը և ո՛չ էլ պետությանը: Մեր որոշ թերթեր իրենց «սուրբ» գործը համարում են ամենօրյա հայհոյանքը պետության այս կամ այն գործչի, այս կամ այն անհատի հասցեին, և որևէ լուսավոր բան չկա նրանց հոդվածներում: Երբ կարդում ես նրանց հոդվածները, ակամայից մտածում ես, եթե ամեն ինչ այդպես է, ապա ինչպես է զարգանում այս երկիրը: Թող ոչ ոք չմտածի, թե ես չունգուրս առած գովքն եմ անում երկրի կառավարողների, ամենևին: Ամերիկացի հայտնի գրող Էդգար Պոյի հիանալի միտքը հուշում է.
-Օրական երեք-չորս անգամ սրիկային ասեք, թե ինքը ազնվության տիպար է, և միանգամայն լրջորեն նրան կդարձնեք առնվազն մարդ: Իսկ ընդհակառակը, ազնիվ մարդուն համառորեն ու հետևողականորեն մեղադրեք չարագործ լինելու մեջ և նրան կլցնեք կամակոր մի տենդով, ապացուցելով, որ այնքան էլ չեք սխալվում:
20 տարի մեր երկրի մամուլից չի իջնում Լֆիկի անունը, և ինչ եք կարծում, դրանով Լֆիկն ուղղվո՞ւմ է, թե՞ ավելի վատն է դառնում, ու ավելի արհամարհանքով է լցվում դեպի իրեն ստորացնողները: Մեկ անգամ Ռուսաստանում երկար տարիներ որպես քննիչ աշխատած մեկն ինձ պատմեց, թե մի օր մի հանցագործի բերեցինք, մեր ուզած հարցի առաջին իսկ բացասական պատասխանի ժամանակ հարվածեցի: Նա հանդարտ մաքրեց քթից հոսող արյունը և դառը ժպտալով ասաց. «Իսկ ես կարծում էի դատախազությունում ավելի լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատում»: Ես գետինը մտա և ամբողջ կյանքում հիշում եմ այդ հանցագործի (վերջում, ճիշտ է, ընդհանուր լեզու գտանք) ուսանելի դասը: Միայն բարի խոսքն է շեղվածին դարձի բերում:
Աղվան Հովսեփյանը 25 տարի աշխատել է Հայաստանի դատախազության համակարգում (Ղարաբաղն ու Ռուսաստանը չհաշված): Ապարանցի սովորական գյուղական ընտանիքի զավակ է: Հասարակ քննիչից աճել ու հասել է գլխավոր դատախազի պաշտոնին: Միակ գլխավոր դատախազն է Հայաստանի դատախազության պատմության մեջ, որ դրսից չի եկել համակարգը ղեկավարելու: ՈՒնի մարդկանց հետ շփվելու, շրջապատ ստեղծելու անսահմանափակ ներքին կարողություն: Ես երբեք չեմ լսել նրա ձայնի ինտոնացիայի բարձրացում: Հավասարակշռված է: Տողերիս հեղինակը երբեք նրա հետ յուղումեղր չի եղել: Նույնիսկ, երբ նա քննիչ էր, իսկ ես դատախազ, ինչ-որ մի հարցում կոնֆլիկտ եմ ունեցել նրա հետ: Նեղացել էր ինձնից, երկար ժամանակ չէինք շփվում: Այդ դեպքը (ես խիստ վիրավորել էի նրան) ոչ մի հետևանք չունեցավ իմ հետագա աշխատանքում, երբ նա արդեն գլխավոր դատախազ էր: Ավելին, իմ նկատմամբ ՀՀՇ-ի անբարո քաղաքականության արդյունքում 2,5 տարվա հարկադիր պարապուրդից հետո նրա միջոցով կենսաթոշակիս չափը ինչ-որ ձևով կոմպենսացվեց: Գուցե ոմանք ինձ հարցնեն` ի՞նչ է, նա թերություններ չունի՞, մեղքեր չունի՞: Հարցին կպատասխանեմ հանճարեղ Նարեկացու խոսքերով. «Հոգիս էությամբ մեղք է մակարդված»: Եթե Նարեկացին է իրեն մեղսակից համարում, ապա բոլորս մեղքի մարմնացում ենք: Աղվան Հովսեփյանը որպես տաշած քար, բնականաբար, պիտի գետնին չմնար, նրա փորձը, գիտելիքները պիտի օգտագործվեն, և միանգամայն ճիշտ է վարվել հանրապետության նախագահը, որ նրան է առաջարկել կազմել ՔԿ-ի նախագիծը: Այդ նախագծի շուրջ որոշ լրագրողների չարությունը հասնում է այնտեղ, որ քննարկում են, թե նա 3,5 տարուց ավելի չի աշխատելու, որովհետև այդքան ժամանակ հետո լրանալու է տարիքային այն շեմը, որը նախատեսված է ծառայության պետի համար` 65 տարին: Երբ կարդում ես նման կարգի հոդվածները, ակամայից մտածում ես` ա՛յ հարգելի լրագրող, դու թվաբա՞ն ես, թե՞ վերլուծական մտքի տեր անձ: ՔԿ-ի ծրագիրը պետք է կատարյալ լինի և արտահայտի այդ կարևոր պետական կառույցի հիմնական գործառույթները: Հավատացած եմ, որ ստեղծվելիք կոմիտեն մոտ ապագայում կներառի նաև քննչական այլ ծառայությունները, և նման կոմիտեն ոչ թե դատախազությանը հակադիր մի մարմին է լինելու, այլ ստեղծվելիք կոմիտեի քննիչներն ու նրա ղեկավարները կղեկավարվեն դատախազության քննիչ օրենքով կարգավորվող նորմերով: Աղվան Հովսեփյանը ստեղծվելիք կոմիտեն կհասցնի ճիշտ հանգրվանի, և այդ կոմիտեի քննիչները կախված չեն լինի որոշ մոնստր դատախազների («Մոնստրը» Աղվան Հովսեփյանի բնութագիրն է ինչ-որ մի հոգեպես շեղված հիվանդ դատախազի կողմից-Ս.Հ.) քմահաճույքներից:
Չարությամբ չլցվենք դեռ չծնված երեխայի նկատմամբ, այլ ցանկանանք, որ նրա ծնունդը բարի լինի և ծառայի պետության շահերին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Մի անգամ Աղվան Հովսեփյանին ասացի, որ յուրաքանչյուրիս մեջ կա չարության ինչ-որ չափաբաժին, ինչպես Համլետն էր ասում Ռոզենկրացին. «Ի՞նչ է, կարծում ես կտցարի նման լոկ լյա՞րդ ունեմ»: Կուզե ասել, որ բոլորս էլ լեղապարկ ունենք, հետևաբար նաև լեղիության որոշակի չափաբաժին: Բայց այդ լրագրողը (տվեցի անուն, ազգանունը) ինչո՞ւ է այդքան թույն շնչում ձեր նկատմամբ: «Անկեղծ ասած, առաջին անգամ եմ խոստովանում, որովհետև քո անկեղծությունը չեմ կարող խորամանկել,- ասաց նա և շարունակեց,- եկել և ինձ վրա նալոգ էր ուզում դնի, որ իմ մասին իր թերթում ոչ մի վատ բան չգրի: Եվ ես նրան ցույց տվեցի ելքի դուռը»:
Ամեն անգամ, երբ այդ թերթի էջերում ես տեսնում եմ Աղվան Հովսեփյանի նկարը, դառը ժպտում և ինքս ինձ ասում եմ` չէ՛, սապատավորին միայն գերեզմանը կուղղի:

Դիտվել է՝ 2576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ